Դրանք լուռ վկաներն են մի պատմության, որ սկսվել է ավելի քան մեկ դար առաջ՝ 1915 թվականին, երբ 16-ամյա Ակսել Բակունցը առաջին անգամ կանգնեց ուսուցչի ամբիոնի մոտ։
Այստեղ՝ ձորերի խաղաղության մեջ, բացվեց ոչ միայն նրա մանկավարժական ուղին, այլև այն գեղարվեստական աշխարհը, որից պիտի ծնվեր հայ արձակի ամենանուրբ էջերից մեկը՝ «Խոնարհ աղջիկը» պատմվածքը։
Լորը՝ որպես բնաշխարհ և հիշողության վայր
Լորը Սյունիքի հնագույն գյուղերից է՝ ձորերի մեջ փռված, հիմնադիր Լորիկ իշխանի գերեզմանաքարով, հնամենի եկեղեցիներով, պաղ ջրերով ու «լուսնի մեջ քնած արտերով»։ Գյուղը հսկում են Ջրկասարի ու Գյազբելի լեռները, իսկ նրա հովիտների վրա դարեր շարունակ պտտվել է խաղաղ աշխատանքի և լռության երգը։
Այստեղ՝ 1905-ին, գյուղացիների ու Բաքվի հայ բարերար Գասպար Տեր-Մարգարյանի միջոցներով կառուցվեց դպրոցը՝ Լորի առաջին մշակութային օջախը։ Գյուղի ծերերը պատմում են, որ երբ հող էր պետք դպրոց կառուցելու համար, ոչ ոք չէր ցանկանում զիջել սեփական հողակտորը․ և միայն հին գերեզմանոցն էր, որ ընդունեց այդ սուրբ կառույցը։ Այդպես դպրոցը կանգնեց՝ որպես գրության տաճար մահվան լռության մեջ։
Հենց այստեղ էր, որ տարիներ անց պիտի հնչեր Բակունցի վարժապետական ձայնը, պիտի ծնվեր «Խոնարհ աղջիկը» պատմվածքի աշխարհը՝ լուսավոր ու տխուր, իրական ու առասպելական միաժամանակ։
Ալեքսանդր վարժապետի լույսը
Լորեցիներից մեկը՝ գյուղի ջրվորը, պատմում էր․
«Բարձրահասակ, նիհար, շիկահեր, կապուտաչ ջահել էր Ալեքսան վարժապետը։ Տասնյոթ տարեկան էր, բայց նրանից խորհուրդ էին հարցնում։ Սուրբ էր՝ ասում էին։ Աշակերտները սիրում էին նրան՝ ոչ թե վախից, այլ սրտով»։
Նա ապրում էր Վանեսանց Հակոբի տանը, դաս էր տալիս, պատմում աշխարհից, սովորեցնում տառ ու թվեր, բայց ավելի շատ՝ հոգևոր պարզություն։
Երբ աշակերտներից մեկը հիվանդացել և չէր կարողանում դպրոց գնալ, Ալեքսանդր վարժապետն ամեն օր եկել էր, շալակել երեխային, տարել դասի ու շալակած էլ վերադարձրել տուն։
Ահա այդ մանր, բայց անջնջելի գծերից էր կազմվում մի մարդու դիմանկար, որ հետագայում պիտի կոչվեր Ակսել Բակունց։
Նրա ներկայությունը գյուղում լուսավոր հիշողություն դարձավ։ Այդ լուսավորությունը դեռ պահում են բլուրներն ու առուները, իսկ լորեցիները՝ որպես սերնդեսերունդ փոխանցվող հուշ՝ իրենց «Ալեքսանդր վարժապետին»:
Բակունցը վկայությունների մեջ
Հետագայում ինքը՝ գրողը, կգրի. «Առաջին անգամ ճանաչեցի գյուղը, նրա մարդկանց։ Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ»։
Նա մանրամասն նկարագրում է դպրոցը՝ բլրակի վրա, հին գերեզմանոցի հարևանությամբ, անսվաղ պատերով ու յուղաթղթե պատուհաններով։
Դպրոցը չուներ ժամացույց․ ժամանակը չափվում էր արևի ստվերով, իսկ դասերը սկսվում էին, երբ երեխաների աչքերում փայլում էր վաղ լուսաբացի լույսը։
Այս մանրամասն հիշողությունների մեջ կա մի ամբողջ գեղագիտական աշխարհ՝ անվերնագիր լռության արվեստ, որից պիտի ծնվեին Բակունցի բոլոր գրվածքները:
«Խոնարհ աղջիկը»՝ լռության և սիրո վիպասանք
Բակունցի Լորում ապրած օրերի գեղարվեստական վերապրումը դարձավ «Խոնարհ աղջիկը»։ Այդ պատմվածքում բառերն ավելի քիչ են, քան լռությունը։ Բայց հենց այդ լռության մեջ թաքնված է խոր, անարտահայտելի սեր։
Իրական հերոսուհին՝ Խոնարհ Առուստամյանը, եղել է գյուղացի ընտանիքի երրորդ դուստրը՝ քնքուշ, բայց ներքին ուժով լեցուն աղջիկ։ Երբ Բակունցը հեռացավ գյուղից, նրա կյանքում մնաց չարտաբերված խոսքի ցավը, ինչպես ուսուցչի հոգում՝ լռության հիշողությունը։ Բակունցը չգրեց սիրո մասին բաց տողերով․ նա խոսեց լռության միջոցով, և հենց դա դարձավ նրա մեծագույն խոսքը։
Խոնարհի ճակատագիրը եղավ կարճ՝ երկու ամուսնություն, վաղ մահ, կորուսյալ որդիներ։ Բայց նրա անունը ապրեց՝ որպես սիրո չասված խոսքի խորհրդանիշ։ Իսկ Դարբասի գերեզմանատանը մինչ այսօր պահպանվում է նրա իրական գերեզմանաքարը՝ «Խոնարհ Սուքիասի Անդրեասյան, ծնված 1898, մահացած 1927» գրությամբ՝ որպես լուռ հիշեցում այն աղջկա մասին, ով մի օր գերել է Բակունցի սիրտը, հետո գնացել իր փոքրիկ, խոնարհ ճակատագրի հետևից՝ թողնելով միայն քիչ խոսք, շատ լռություն և մի անտեսանելի շունչ, որը մինչ այժմ շրջում է Լորի ձորերով։
Լորի դպրոցի զանգը
Դպրոցը սկզբում զանգ չուներ։ Բակունցի նախաձեռնությամբ Բաքվի լորահայ համայնքը ձուլեց և գյուղ ուղարկեց նոր զանգ։
Այն ղողանջեց մինչև 1931 թվականի երկրաշարժը՝ որպես գիտելիքի և լուսավորության ձայն։ Այսօր այդ զանգը պահվում է Սիսիանի պատմության թանգարանում՝ որպես հուշ-լույս, որ դեռ թրթռում է լռության մեջ։
Հետագա տարիների վկայությունները
1926-ին Բակունցը կրկին վերադառնում է Լոր՝ հողային վեճ լուծելու առաքելությամբ։ Նրա վերադարձը դարձավ իսկական տոն գյուղում․ մարդիկ դուրս էին եկել դիմավորելու իրենց երբեմնի վարժապետին։
Այդ օրը ներկա պատանի Համո Սահյանը հետագայում գրում էր․ «Տեսա իմ երազած մարդուն՝ Ալեքսան վարժապետին։ Նրա ասպետական կերպարի առաջ լեռները խոնարհեցին իրենց ճերմակած գլուխները»։
Այդ տեսարանը դարձավ Սյունիքի երկու մեծերի՝ գրողի և բանաստեղծի խորհրդանշական հանդիպումը։
Ժամանակի հետ մնացած լռություն
Հիմա Լորի հնամյա դպրոցը՝ ծեփաթափ ու ճաքճքած պատերով, դեռ կանգուն է բլրակի վրա։ Մինչև այսօր անտարբերությունը չի կարողացել մարել նրա հոգևոր լույսը։
Հին դպրոցից քիչ հեռու նոր, լուսավոր շենք է՝ նոր դպրոցը: Բայց իրական արժեքը ոչ թե պատերն են, այլ այն հիշողությունը, որ մնացել է մարդկանց մեջ՝ որպես սեր, որպես պատմություն և որպես առասպել։
Երբ քամին անցնում է Ջրկասարի ձորով, թվում է՝ նրա հետ է գալիս Ալեքսանդր վարժապետի ձայնը, դպրոցի երեխաների ծիծաղը, Խոնարհ աղջկա խոհուն հայացքը։
Եվ Լորի վրա դեռ հնչում է Խրիմյան Հայրիկի բարի խոսքը․ «Թող Աստծո օրհնությունն ըլլա այս Լոր գյուղի վրա…»
Վերջաբանի փոխարեն
Լորի դպրոցի պատմությունը՝ Բակունցի ներկայությամբ, վաղուց դադարել է լինել պարզապես անցյալ։
Այն դարձել է ազգային հիշողության մի բյուրեղ, որտեղ խառնվել են մանկավարժի բարությունն ու գրողի խոհականությունը, գյուղի լռությունն ու սիրո չարտաբերված խոսքը։
Ահա այսպես, Լորի բլրակի վրա կանգնած դպրոցը դարձավ ոչ միայն կրթության օջախ, այլև հայ գրականության և հոգևոր պատմության լեգենդ։
Թեհմինա Մարության
Բ.գ.թ., դոցենտ


Комментариев нет:
Отправить комментарий